Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 «Mercedes» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 3-ը կանայք են, իսկ 2-ը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։
Երեխաներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով, 2-ին էլ քաղաքացիները՝ իրենց անձնական ավտոմեքենաներով, իսկ մյուսներին՝ շտապօգնության ավտոմեքենաները։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավելի ուշ վիրավորներից 4-ին Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։