Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies ընկերության համահիմնադիր Էլի Աքիլյանին:
Վարչապետը ողջունել է վերջիններիս գործունեությունը մեր երկրում և ընդգծել «Թումո» կենտրոնների զարգացման ու բոլոր մարզերում նման կենտրոններ հիմնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկը գիտելիքահեն տնտեսության զարգացումն է ու այդ համատեքստում կարևորել կրթական ոլորտում ծրագրերի իրականացումը:
Սեմ Սիմոնյանը նշել է, որ իրենց նպատակն է «Թումո» կենտրոնների հիմնումը ողջ Հանրապետությունում և նշել ՀՀ Կառավարության հետ արդյունավետ համագործակցության փաստը:
Ընդգծվել է, որ առաջիկայում ևս պատրաստ են նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ փոխգործակցության, այդ թվում՝ կրթության, մշակույթի բնագավառներում: