Հետևեք մեզ։

Նոր մեղադրա՞նք. Բաքուն Արցախի քաղաքական գործիչներին «մեղադրում է պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար»

10:33, 01 հոկտեմբեր 2024
Նոր մեղադրա՞նք. Բաքուն Արցախի քաղաքական գործիչներին «մեղադրում է պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար»

Ադրբեջանի դատախազ Քամրան Ալիևը այսօր Ադրբեջանում դատախազության օրվա առթիվ լրագրողների հետ զրույցում ասել է, թե Բաքվում ապօրինաբար ազատազրկված Արցախի քաղաքական գործիչներին առաջադրված է մեղադրանք նաև պատմամշակութային հուշարձանների ոչնչացման վերաբերյալ։

Ավելի վաղ Քամրան Ալիևը հաղորդել էր, թե 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի բռնի հայաթափման օրերին, Բաքվի կողմից առևանգված, գերության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի «քրեական գործերը» ուղարկվել են «դատարան»։ 

Hayastan.news-ը պարզել էր՝ «ադրբեջանական օրենսդրությամբ» ինչ ենթադրյալ արարքներ են վերագրվում Արցախի քաղաքական վերնախավի գործիչներին և ըստ այդմ՝ «քրեական օրենսգիրքը» որքան պատժաչափ է նախատեսում վերագրվող «արարքների» համար։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Բաքուն «մեղադրում է ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու, օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Ադրբեջանական յանրապետություն ապօրինի մուտքը կազմակերպելու մեջ»։ Այս արարքների համար «ադրբեջանական օրենսդրությունը» սահմանում է 8-12 տարի ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ, 3-8 տարի ազատազրկում, ինչպես նաև տուգանք։

 
2006 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի դատախազությունը որոշում է կայացրել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանին «որպես մեղադրյալ ներգրավել ԱՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (խոշտանգում) հատկանիշներով»:

Սույն հոդվածը սահմանում է 7-10 տարվա ազատազրկում։

Պաշտոնական Բաքուն «Ադրբեջանական քրեական օրենսգրքով» Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին վերագրում է տարատեսակ մեղադրանքներ, որոնք օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանում են գույքի բռնագանձում, տարբեր ժամկետներով ազատազրկումներ և ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Վերոնշյալ հոդվածներում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կետ չի եղել. կամ Բաքուն նոր է առաջադրել նրանց այդ հոդվածները, կամ Ադէբեջանի համապատասխան գերատեսչությունների պաշտոնական տեղեկատվությունն ամբողջական չի եղել։

Հարկ ենք համարում նշել նաև, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև 2023 թվականին 9-ամսյա բլոկադայից հետո Արցախի բռնի տեղահանության և օկուպացիայից հետո ավերել և ավերում է հայկական տասնյակ պատմամշակութային հուշարձաններ, քանդում է գերեզմաններ, փոխարենը կառուցում մզկիթներ։

 

Դիանա Կարապետյան

 

Վերլուծական