«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախապես նշեմ՝ հստակ գիտակցում եմ, որ ներքոշարադրյալը շատերին կարող է անընդունելի թվալ: Ոմանք կսկսեն դասեր տալ, խելք սովորեցնել` ինչպե՞ս կարելի է եկեղեցուն քննադատել, ուստի անմիջապես ասեմ, որ եկեղեցու սպասավորներին եւ եկեղեցին քննադատելը տարբեր բաներ են: Եվ որքան էլ Ամենայն հայոց կաթողիկոսը հայոց հայրապետն է, եւ անքննելի է նրա վարքը մեր` շարքային մահկանացուներիս կողմից, մենք խավար միջնադարում չենք ապրում, որ կուռքեր ստեղծենք եւ պաշտենք նրանց: Եվ Վեհափառին քննադատելն ու նրա արարքների մեջ թերություններ գտնելը ո՛չ նվազ հավատքից է եւ ո՛չ էլ, առավել եւս, սրբապղծություն է, այլ՝ ժամանակակից աշխարհի դրսեւորում:
Այս օրերին, իհարկե, եղան մարդիկ, որոնք քննադատեցին Մայր Աթոռին` ՔՊ-ական իշխանությանը հրավերներ ուղարկելու համար, սակայն դրանում չէր ողբերգությունը, այլ այն բարդ շախմատային կոմբինացիայի մեջ, որը Գարեգին Բ-ն խաղարկեց վերջին ամիսներին: Նա նախ համաձայնություն տվեց եւ ակտիվորեն աջակցեց Տավուշից սկսված շարժմանը` Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ: Ապա զգուշորեն հետ քաշեց իր «բանակը»` Բագրատ սրբազանին մենակ թողնելով, իսկ եկեղեցական արարողությունների ժամանակ փորձեց հաշտության ձեռք մեկնել իշխանություններին:
Եթե պարզ լեզվով ասենք` սկզբում ուժ ցուցադրվեց, իշխանություններին հասկացրին, որ ցանկության դեպքում Հայ առաքելական եկեղեցին կարող է նաեւ իշխանափոխություն իրականացնել: Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի եւ փորձում է հրդեհներ հանգցնելով մնալ իշխանության, նա արագ հասկացավ, որ նման ուժեղ հակառակորդը` հանձին Մայր Աթոռի, մեծ խոչընդոտ կարող է լինել իր ճանապարհին: Իսկ ի՞նչ են անում այն ձեռքի հետ, որը չեն կարողանում կտրել: Ճիշտ է...