Ջերմորեն շնորհավորում եմ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ միջազգային օրվա առթիվ։ Ձեր ակտիվ և առողջ ծերության համար անհրաժեշտ պայմանների ապահովումն ու մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործումը շարունակում է լինել պետության քաղաքականության հիմքում։ Մեզ համար գերակա է նաև ապահովել Ձեր լիարժեք ներգրավվածությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում՝ Ձեր կուտակած փորձն ու գիտելիքը շարունակելով ծառայեցնել հօգուտ երկրի զարգացման։ Այս մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղերձում։
«Այս պահին պետության կողմից մշակվում է սոցիալական պաշտպանության ոլորտի առանցքային փաստաթղթերից մեկը՝ Ժողովրդագրության ռազմավարությունը, որում ևս ամրագրված են այս առաջնահերթությունները։ Ռազմավարությունից բխող տասնյակ ծրագրերում ներառված են նաև խթաններ՝ ուղղված մեր ավագ սերնդի ներկայացուցիչների ակտիվացման ապահովմանը։
Պետությունը շարունակում է անհրաժեշտ ջանքեր գործադրել նաև մատուցվող խնամքի և սոցիալական այլ ծառայությունների շարունակականության ապահովման ուղղությամբ՝ խրախուսելով ծառայությունների պատվիրակումը մրցութային եղանակով ընտրված հասարակական կազմակերպություններին, խրախուսելով նաև մասնավոր կազմակերպությունների մուտքը սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտ։
Ի թիվս այլ առաջնահերթությունների՝ պետությունը կարևորում է նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ավագ սերնդի ներկայացուցիչների սոցիալական պաշտպանության իրականացումն ու հասարակություն ներառումը՝ մատուցելով ցերեկային, շուրջօրյա, տնային պայմաններում խնամքի և այլ ծառայություններ։
Առաջիկա տարիների ոլորտային քաղաքականության հիմքում է նաև շահառուներին տրամադրվող բոլոր ծառայությունների որակի շարունակական լավարկումը, հանրապետության ողջ տարածքում ծառայությունների ներդնումը, ինչպես նաև համայնքների ներուժի ներգրավմամբ համայնքահեն ծառայությունների ընդլայնումը։
Ավագ սերնդի հարգելի՛ ներկայացուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և երջանիկ պահեր ապրելու բազում հնարավորություններ»։