Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակն աջակցում է առողջապահական ոլորտի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Առողջության պահպանման իրավունքը Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի և Օվիեդոյի կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում» թեմայով աշխատաժողովին:
Միջոցառումն ընդգծել է ոլորտում մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանի հանձնառությունը` առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումների օրակարգին համահունչ:
Այս առումով Լենա Նանուշյանը շեշտադրել է ոլորտի ներկայիս բարեփոխումները, որոնց հանգրվանը ծառայությունների ֆինանսական և ֆիզիկական հասանելիության ապահովմանն ուղղված առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն է:
Կարևորվել է Հայաստանի կողմից 2024թ. մայիսին Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը, որն ամրապնդել է Հայաստանի դիրքորոշումը՝ առողջապահական ծառայությունների հավասար հասանելիությունը խթանելու առումով:
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի կողմից դեռևս 2004 թվականին վավերացված Եվրոպական սոցիալական խարտիային, որի` առողջության պահպանմանը վերաբերող 11-րդ հոդվածը դեռևս վավերացված չէ։
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ողջունել է Հայաստանի կառավարության՝ առողջապահական ոլորտում նախաձեռնությունները և հայտնել կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու ազգային օրենսդրությունը եվրոպական չափանիշների հետ ներդաշնակեցնելու գործում: