Հետևեք մեզ։

Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունների ակտիվ փուլը

18:27, 01 հոկտեմբեր 2024
Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունների ակտիվ փուլը

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները։ Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Սուլթան Կամալետդինովը բացման ելույթում նշել է, որ իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ անհանգիստ, և պետք է պատրաստ լինել տարբեր մարտահրավերների և սպառնալիքների, որոնք արդիական են ողջ համաշխարհային հանրության համար։

 

«Մենք կանգնած ենք կազմակերպության ռազմական բաղադրիչի կատարելագործման և ՀԱՊԿ անդամ երկրների համապարփակ զարգացման և նրանց անվտանգության ապահովման համար կարողություններ ստեղծելու կարևոր խնդիրների առաջ»,- ասել է գեներալ-լեյտենանտը։

 

Զորավարժություններին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ ուժերի ազգային զորամիավորումները, Միացյալ շտաբի օպերատիվ խմբերը և ՀԱՊԿ քարտուղարությունը։ Ընդհանուր առմամբ՝ զորավարժություններին ներգրավված են ավելի քան 2000 զինվորականներ, 500 միավոր զրահատեխնիկա և ավտոմոբիլային տեխնիկա, Մի-17, Մի-35 ուղղաթիռներ, Իլ-76 և Սի-295 ինքնաթիռներ, անօդաչու ավիացիա։