Հետևեք մեզ։

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը ուղարկվել է դատարան

19:36, 01 հոկտեմբեր 2024
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը ուղարկվել է դատարան

Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով քննչական կոմիտեն որոշում է կայացրել ու գործը ուղարկվել է դատարան:

 

Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 23-ի երեկոյան, երբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է գալիս և անմիջապես պառկել էին գետնին։

 

Հետո գործի էին անցել իրավապահները, Ռուբինյանց 2/2 շենքում սկսել էին խուզարկություն։ Խուզարկության արդյունքում խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվել էր 71-ամյա Ալբերտ Առստամյանը։ 

 

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։

 

Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։