Հետևեք մեզ։

Փողը վտանգում է մարդու իրավունքները․ Ալիևը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների պատասխանատուն է․ իռլանդացի Փոլ Գավանը՝ ԵԽԽՎ-ում

21:44, 01 հոկտեմբեր 2024
Փողը վտանգում է մարդու իրավունքները․ Ալիևը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների պատասխանատուն է․ իռլանդացի Փոլ Գավանը՝ ԵԽԽՎ-ում
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Իռլանդիան ներկայացնող Փոլ Գավանն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով քննարկման ժամանակ նա ասել է. 
 
«Ես ցանկանում եմ մեր մեծ մտահոգությունը հայտնել Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի կողմից սեփական քաղաքացիներին ավելի ու ավելի ճնշելու շարունակական ձգտման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում նախկին քաղաքացիների նկատմամբ նրա սարսափելի վերաբերմունքի և հարևան երկրի՝ Հայաստանի նկատմամբ նրա ռազմատենչ և սպառնալից պահվածքի կապակցությամբ։ Այս տարի այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին այնպես, որ նույնիսկ Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կստիպեին կարմրել: Նախագահ Ալիևը հինգ անգամ անընդմեջ հաղթել է ընտրություններում այն բանից հետո, երբ 2003 թվականին այդ պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Հեյդար Ալիևին: Մենք խոսում ենք դաժան բռնապետության մասին, որը ղեկավարվում է ընտանեկան մաֆիոզ դինաստիայի կողմից և որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ու սեփական քաղաքացիների ճնշման համար: 
 
Վերջին տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակն էլ ավելի է վատթարացել իրավապաշտպանների, ընդդիմության գործիչների ու անկախ լրագրողների ձերբակալման և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար քաղաքացիների էթնիկ զտումների պատճառով: 
 
Ցավալի է գիտակցել, որ համաշխարհային տերությունները շարունակում են աջակցել մոլորակի ամենավատ ռեժիմներից մի քանիսին, և փողը հերթական անգամ վտանգում է մարդու իրավունքները»: