Ֆրանսիայում հարձակման էր ենթարկվել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ ակտիվիստ Վիդադի Իսկենդերլին: Նա երկու օր առաջ անհայտ անձանց կողմից դանակի ավելի քան 20 հարված էր ստացել սեփական տանը։ Երեքշաբթի նա մահացել է հիվանդանոցում, հայտնում է BBC-ն, նշելով. «Սա առաջին դեպքը չէ, երբ այլ երկրներում հարձակման են ենթարկվում նախագահ Իլհամ Ալիևի քննադատները։ Վերջերս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկը կոչ արեց «չեզոքացնել» նախագահին քննադատողներին»:
Վիդադի Իսկանդերլին հայտնի էր որպես Ալիևի քննադատ։ Ադրբեջանում նա ղեկավարել էր «Ժողովրդավարության պաշտպանության խթանում» հասարակական կազմակերպությունը։ 2011 թվականին նա երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել 2010 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը միջամտելու մեղադրանքով, որտեղ նա առաջադրվել էր որպես թեկնածու։ 2012 թվականին ներում ստանալուց հետո նա փախել էր Վրաստան, ապա՝ Ֆրանսիա։