Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում «Անհայտ կորածների խնդրի լուծում. ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի պաշտպանություն» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված նամակում խոսել է հայ քաղաքական և ռազմական գործիչների մասին, այդ թվում՝ Ադրբեջանում ապօրինաբար ազատազրկված Արցախի քաղաքական ղեկավարության։ Նա դժգոհել է, որ թեև Ադրբեջանը նրանց դեմ քրեական գործեր է հարուցել, Հայաստանում նրանց հերոսացրել են։
«Այսօր Ադրբեջանում արդարադատության առջև են կանգնում հանցագործություններ կատարած որոշ մարդիկ, սակայն դրա համար Հայաստանում ոչ մի մարդ պատասխանատվության չի ենթարկվել, ընդհակառակը, նրանց հերոսացրել են»,- ասել է նա։
Ալիևը նշել է, որ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները, որոնք բխում են միջազգային մարդասիրական իրավունքից։
«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա պետք է պատժի մեղավորներին։ Դա կարող է լինել երկու երկրների միջև վստահության ամրապնդման արդյունավետ միջոց»,- ասել է նա։