Իրանի հրթիռային հարձակումն Իսրայելի վրա ինքնապաշտպանության ակտ է, որը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության նորմերին։ Այդ մասին Անգլիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին։
Իրանի արտգործնախարարը Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և մի շարք այլ երկրների ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում քննարկել է երեկ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հրթիռային գործողությունները, ինչպես նաև Գազայում և Լիբանանում տիրող լարվածությունը։
«Իրանն իրացրել է միայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն օրինական պաշտպանության իր իրավունքը և թիրախավորել է բացառապես ռազմական բազաները և անվտանգության օբյեկտները: Գործողությունն ավարտված է, բայց եթե Սիոնիստական ռեժիմը մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել, մեր պատասխանն ավելի խիստ կլինի: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում սրելու լարվածությունը և պատերազմը, թեև չի վախենում պատերազմից»,- ընդգծել է իրանցի դիվանագետը: