Հետևեք մեզ։

Ապացուցեք, որ նա ողջ է․ Բաքվում գերության մեջ դատապարտված Վիգեն Էուլջեքչյանի կինը 3 ամիս է՝ չի զրուցել նրա հետ, Կարմիր Խաչին ևս չի հաջողվում հանդիպել նրան

10:12, 02 հոկտեմբեր 2024
Ապացուցեք, որ նա ողջ է․ Բաքվում գերության մեջ դատապարտված Վիգեն Էուլջեքչյանի կինը 3 ամիս է՝ չի զրուցել նրա հետ, Կարմիր Խաչին ևս չի հաջողվում հանդիպել նրան

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքը երեք ամիս է՝ հեռախոսով նրա հետ չի կապվել։

Նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը Х սոցցանցում արված հրապարակմամբ ահազանգում է․

«Ոչ ես, ոչ երեխաները արդեն երեք ամիս է՝ նրա ձայնը չենք լսել։ Կարմիր խաչի ներկայացուցիչներն ամեն ամիս այցելում են նրան և ասում, թե Վիգենը հրաժարվել է նրանց հետ զրուցել։ Ես կասկածում եմ, որ Ադրբեջանը փորձում է թաքցնել նրա մահը կամ հոսպիտալացումը։ Ապացուցեք, որ ողջ է։ Ազատ արձակեք նրան»։


4 տարի Բաքվի բանտում գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը ինքնասպանության մասին է մտածում։ Այս մասին «5-րդ ալիքի» հետ զրույցում ասել է Վիգենի կինը` Լինդա Էուլջեքչյանը` ներկայացնելով կես ամիս առաջ ամուսնու հետ ունեցած հեռախոսազրույցը։


Դեռ հունիսին Վիգեն Էուլջեքչյանի կինը հայտարարել էր, որ վերջին հեռախոսազրույցում Վիգենը հարցրել է՝ ի՞նչ է կատարվում դրսում, Հայաստանը իրենցից հրաժարվե՞լ է, գոռում էր հեռախոսի մեջ։


«Մենք նրա կարիքն ունենք, օրական հազար անգամ մեռնում ու հարություն ենք առնում։ Մեր վերջին հեռախոսազրույցում Վիգենը հարցրեց՝ ի՞նչ է կատարվում դրսում, ճիշտն ասա, Հայաստանը մեզնից հրաժարվե՞լ է, որովհետև այստեղ հեռուստացույցով ասում են, որ հրաժարվել է, ու գոռում էր հեռախոսի մեջ: Ես ասացի, որ Հայաստանը պահանջում է քեզ վերադարձնել , այնպես չէ, որ հրաժարվել է, թող չխաբեն»,–պատմել է կինը 5-րդ ալիքի հետ զրույցում։


Լինդան չգիտի՝ ամուսինն արդյոք լսել է իր բառերը, կապն ընդհատվել է, բայց կինը վստահ է, որ ամուսնու վիճակը շատ վատ է, որովհետև Կարմիր Խաչը հաջորդ օրն այցելել է նրան, ապա Լինդային հայտնել են, որ ամուսինը հավանաբար նյարդային պոռթկում է ունեցել։


«Կարմիր խաչից ինձ ասացին, որ Վիգենի հետ կապը չի ստացվում, չի ուզում հանդիպել, վիճակը լավ չէ։ Վերջին անգամ, որ խոսեցի հետը, շատ անհանգիստ էր, ասում էր՝ էլ չեմ դիմանում, հոգնել եմ, ուզում եմ ինքնասպան լինել»,–պատմում է կինը։


Կինը դիմել է Լիբանանի կառավարությանը՝ խնդրելով պայքարել Էուլջեքչյանի ազատության համար:


«Ես դիմել եմ Լիբանանի կառավարությանը, խորհրդարանի անդամ Փոլ Յակուբյանին եմ նաև ներկայացրել իրավիճակը։ Նա խոստացել է Վիգենին վերադարձնելու հարցը բարձրացնել Ազգային ժողովում»,–ասել է նա։


Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:  Հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։

 

Изображение

Վերլուծական

Ամենաընթերցվածները