Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են իրանական հարձակման պատասխանը

12:40, 02 հոկտեմբեր 2024
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են իրանական հարձակման պատասխանը

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի հարվածին հնարավոր պատասխանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նա նշել է, որ Իրանի հարձակումը խափանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ներուժի շնորհիվ։

«Իրանի հարձակումը խափանվեց՝ ցույց տալով այն ինտենսիվ աշխատանքը, որը Միացյալ Նահանգները և Իսրայելը միասին էին անում՝ կանխատեսելու և պաշտպանելու համար մեր ակնկալած համարձակ հարձակումը: Միացյալ Նահանգները միանշանակ կկանգնի Իսրայելի թիկունքին»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Իսրայելը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Իրանից արձակված ավելի քան 180 հրթիռ:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է. «Մենք հստակ հասկացրել ենք, որ այս հարձակումը կունենա հետևանքներ, լուրջ հետևանքներ, և մենք կաշխատենք Իսրայելի հետ՝ դա իրականություն դարձնելու համար»:

Սալիվանը, սակայն, չի հստակեցրել, թե ինչպիսի հետևանքներ են լինելու, միաժամանակ նա Իսրայելին զսպվածության կոչ չի արել, ինչպես արվեց ապրիլին, երբ Իրանը անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվեց Իսրայելի վրա: