Հետևեք մեզ։

Դատավոր Բորիս Բախշիյանի իրավունքները վերականգնվել են, պետությունը նրան կփոխհատուցի

13:31, 02 հոկտեմբեր 2024
Դատավոր Բորիս Բախշիյանի իրավունքները վերականգնվել են, պետությունը նրան կփոխհատուցի

Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ վերականգնվել են դատավոր Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները, որի արդյունքում պետությունը կհատուցի նրան պատճառված վնասը: Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Նորայր Գրիգորյանը:

 

«Մասնավորապես, օրերս հրապարակված Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի վճռով բավարարվել է ՀՀ քրեական դատարանի դատավոր Բ. Բախշիյանի անունից ներկայացված հայցը, որով ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ դատավորի բռնագանձվել է մի քանի միլիոն ՀՀ դրամ՝ որպես ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ անօրինական քրեական հետապնդում հարուցելու,  ինչպես նաև իրավունքների և ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով դատավորին պատճառված վնաս։

 

Այդ առումով անհրաժեշտ եմ համարում նախ երախտիքի խոսքեր ուղղել բառիս իրական իմաստով փայլուն իրավաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ Երեմ Սարգսյանին և Արսեն Սարդարյանին՝ քրեական վարույթի շրջանակներում դատավորին գրագետ և օրինակելի, արդյունքին նպատակաուղղված իրավական պաշտպանություն ցուցաբերելու, ինչպես նաև՝ դատավորի վերաբերյալ քրեական գործը քննած բոլոր դատավորներին՝ արդարադատության իրական արգասիք համարվող արդարացման դատական ակտ կայացնելու համար։

 

Հենց նշված դատական ակտն էլ հիմք է հանդիսացել՝ Հայաստանի Հանրապետության դեմ դատավորին պատճառված վնասը հատուցելու պահանջ ներկայացնելու և դրա կապակցությամբ գործի փայլուն քննություն իրականացրած Երևան քաղաքի քաղաքացիական դատարանից հայցի բավարարման ելքով դատական ակտ ստանալու համար»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Վերլուծական