Հետևեք մեզ։

Որոշ պետությունների կողմից ֆինանսավորվող քարոզչությունը էական վտանգ է ներկայացնում մեր ժողովրդավարական համակարգերի պատշաճ գործունեությանը. ՔՊ-ական պատգամավոր

13:41, 02 հոկտեմբեր 2024
Որոշ պետությունների կողմից ֆինանսավորվող քարոզչությունը էական վտանգ է ներկայացնում մեր ժողովրդավարական համակարգերի պատշաճ գործունեությանը. ՔՊ-ական պատգամավոր

Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ նստաշրջանը: Այն պատգամավորները, ովքեր հերթագրված են, սակայն հնարավորություն չեն ունենում ելույթ ունենալ ժամանակի սղության պատճառով, կարող են իրենց ելույթներն ուղարկել հրապարակման: ԱԺ-ից հաղորդում են, որ նման հնարավորությունից օգտվել է նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Իր ելույթում պատգամավորը նշել է.

 

«Հարգելի' գործընկերներ,

 

Վերջերս ավելի ու ավելի հաճախ ենք բախվում ժողովրդավարության հետընթացին անդամ պետություններում եւ դրանից անդին: Ես կիսում եմ այն կարծիքը, որ քարոզչությունը, հատկապես որոշ պետությունների կողմից ֆինանսավորվող, էական վտանգ է ներկայացնում մեր ժողովրդավարական համակարգերի պատշաճ գործունեությանը: Այս երեւույթին մենք` հայերս, բախվում են ամեն օր: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է երրորդ երկրների կողմից ֆինանսավորվող քարոզչությունը փորձում ներազդել մեր քաղաքականությունների վրա: The varieties of Democracies-ի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունն ընդգծում է նման օտարերկրյա ֆինանսավորման էական ազդեցությունը մեր լրատվամիջոցների վրա:

 

Այս տեսակի քարոզչությունը, որը հիմնված է ապատեղեկատվության վրա, մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում: Բնականաբար, այս ամենն ակտիվացրել է բանավեճերը խոսքի ազատության հնարավոր սահմանափակման շուրջ:

 

Այնուամենայնիվ, ուրախ եմ նշել, որ ժողովրդավարական արժեքներն ի վերջո հաղթեցին այս բանավեճում: Մենք եկել ենք այն հավաքական գիտակցման, որ վնասակար քարոզչության դեմ պայքարի համար ձեռնարկվող ցանկացած միջոց պետք է շարունակի պաշտպանել խոսքի ազատության հիմնարար իրավունքը, որը շարադրված է կոնվենցիայի 10-րդ հոդվածում, պաշտպանում է տեղեկատվության ազատությունը:

 

ԱԼԴԵ քաղաքական խմբի կողմից արված դիտարկումների համաձայն` ես լիովին աջակցում եմ այն կոնսենսուսը, որ սոցիալական դիմադրության բարձրացումն առանցքային գործոն է: Անհրաժեշտ է խրախուսել մեր լրատվամիջոցներին, որպեսզի նրանք լինեն խոսքի ազատության պաշտպանության առաջնագծում:

 

Վնասակար քարոզչությունը սահմաններ չի ճանաչում եւ, իսկապես, անդրազգային բնույթ է ստացել: Ուստի, ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության եւ ամրապնդման վրա:

 

Այդ նպատակով ես կցանկանայի ընդգծել մի քանի կարեւոր քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել.

 

Նպաստել մեդիագրագիտությանը: Մենք պետք է աջակցենք կրթական նախաձեռնություններին, որոնք քաղաքացիներին զինում են տեղեկատվությամբ քննադատաբար վերլուծելու եւ լրատվամիջոցների կողմնակալությունը ճանաչելու գործիքներով:

 

Խրախուսել թափանցիկությունը: Կարեւոր է, որ մենք պարտավորվենք կառավարության գործողությունների բաց հաղորդակցության եւ թափանցիկության որոշումների ու ֆինանսավորման հարցերում: Սա կօգնի ամրապնդել վստահությունը կառավարության եւ հասարակության միջեւ:

 

Ամփոփելով` ակնհայտ է, որ թեեւ քարոզչությունը կարող է ուղղված լինել մեր ժողովրդավարական արժեքների ապակայունացմանը, մեր պատասխանը պետք է լինի հավասարակշռված, հիմնված խոսքի ազատության հարգանքի վրա եւ ուղղված մեր ժողովրդավարական հիմքերի ամրապնդմանը: Միասին մենք կարող ենք բարձրացնել կայունությունը, որն անհրաժեշտ է ժողովրդավարությունը պաշտպանելու համար այս բարդ աշխարհում:

 

Շնորհակալություն»: