Հայազգի գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը վստահ է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ուժը և միջոցները կտրամադրի, որպեսզի Բաքվում պահվող հայ գերիները հայրենիք վերադառնան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանն՝ անդրադառնալով Բաքվի բանտում ապօրինի անազատության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հարցին։
«Ռուբեն Վարդանյանին լավ ճանաչում եմ մոտ 25 տարի։ Տեղեկությունները, որ ունեմ, իր ընտանիքից են, քանի որ Բաքուն արտոնել է որոշ չափով կարճ խոսակցություններ հեռախոսով, և այդ խոսակցությունների ժամանակ նա սահմանափակ ձևով բացատրել է իրավիճակը և մտահոգությունները։
Մենք, անշուշտ, բավական ջանք ենք գործադրում ազատ արձակելու գործում: Իրավաբանների հետ, զանազան այլ միջազգային ընկերությունների հետ աշխատում ենք, որ դա հաջողվի»,-նշեց Աֆեյանը՝ կարծիք հայտնելով, որ ներկա իրավիճակում աշխարհն, ընդհանրապես, շեղված վիճակում է:
Աֆեյանի գնահատմամբ՝ աշխարհը մի կողմից ասում է, որ արդարությունը կարևոր է, մյուս կողմից ասում են՝ լավ, եթե կարող ենք խաղաղություն ստեղծել, արդարությունը՝ ոչինչ:
«Անկարելի է խաղաղություն ունենալ, որը հիմնված է անարդարության վրա, այդպիսի խաղաղություն աշխարհում չի եղել: Եղել է մի քանի րոպե, մի քանի օր, բայց չի գոյատևել։
Իմ կարծիքով շատ պարզ է՝ նույնիսկ եվրոպացիներն ու ամերիկացիները լավ գիտեն ու ոչ բացահայտ, սակայն ասում են, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարության խնդիրը չհաստատվի»,-ընդգծեց Նուբար Աֆեյանը՝ հույս հայտնելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կհաջողվի կնքել։
Աֆեյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունից իրեն մի քանի անգամ տարբեր հանդիպումներում ասել են, որ աշխատում են, որպեսզի հայ բանտարկյալներն ազատվեն:
Նուբար Աֆեյանը նաև հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունն իր ուժը և միջոցները կտրամադրի, որպեսզի Բաքվում պահվող հայ գերիները վերադառնան հայրենիք։
«Հրաշքի կարիք ունենք, որ դա կատարվի և մեր բանտարկյալներն ազատվեն: Մեր պատմության մեջ հրաշքներ եղել են: Դժբախտաբար, անընդհատ հրաշքի վրա ենք հույս դնում: Ինձ համար այդ հրաշքը հավատք է, որ աներևակայելին դարձնես իրական։ Ես վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը և այլ մարդիկ կգործակցեն, որ այս նպատակին հասնենք»,-ասաց Նուբար Աֆեյանը։