Եթե Հայաստանը իրականում խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա պետք է դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իր ուղերձում, որը հղել է Բաքվում անցկացվող «Անհետ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ալիևի խոսքով, Ադրբեջանում ներկայումս պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում-խմբ.), իսկ «Հայաստանում ոչ մի հանցագործ չի պատժվել, ընդհակառակը՝ հերոսացվել են»։
Ալիևը կոչ է արել Հայաստանին հրաժարվել իր «ապակառուցողական դիրքերից» և կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։