Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի պատասխանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկման վարողի հարցին։
Անջա Վեհլեռ-Շոկ. «Ինչպե՞ս են այս զարգացումներն ազդել Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված ձեր կառավարության ջանքերի վրա»:
Արարատ Միրզոյան. «Ոչ միայն փախստականների ներհոսքը, այլև այս խնդրի արմատները, նկատի ունեմ Ադրբեջանի հարձակումը, որը տեղի ունեցավ 2023թ., բայց նաև ամբողջ պատմությունը, որը սկսվեց 2020թ., երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ այնուհետև պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական ուժերը ներխուժեցին և օկուպացրեցին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, սա է ամբողջ պատկերը: Իհարկե, այս իրավիճակում Հայաստանում շատերն էին հարցեր տալիս, և նրանք սկսեցին կասկածի տակ դնել ժողովրդավարության արդյունավետությունը։ Հետաքրքիրն այն էր, որ հարցերը հետևյալն էին. «Լավ, ժողովրդավարությունը երևի ներքուստ լավ է մարդկանց բարգավաճման համար և այլն, բայց արդյո՞ք ժողովրդավարությունը կարող է նաև ապահովել մեր անվտանգությունը»:
Այսպիսով, պատերազմից հետո, որի մասին խոսեցի, Հայաստանի Հանրապետությունում ի հայտ եկան մի շարք ներքին ճգնաժամեր, և այս իրավիճակին որոշակի լուծում տալու համար որոշեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Մենք 2021 թվականին անցկացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ժողովրդավարությունը եղավ այն հիմնական թեմաներից, որոնք քննարկեցինք նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Բարեբախտաբար, ժողովրդավարության օգտին հանդես եկող քաղաքական կուսակցությունը՝ իմ քաղաքական կուսակցությունը, հաղթեց ընտրություններում և ձևավորեց կառավարությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին 2 բան՝ առաջին հերթին կառավարության խաղաղության օրակարգը ինչպես նաև երկրի հետագա ժողովրդավարացումը»։