Հետևեք մեզ։

Ղարաբաղի հարցը Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ․ Փաշինյան

18:25, 02 հոկտեմբեր 2024
Ղարաբաղի հարցը Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ․ Փաշինյան

ԱԺ-ում այսօր, հոկտեմբերի 2-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի նախկին ելույթներից մեկի ձայնագրությունը, որտեղ նա հանրահավաքի ընթացքում հայտարարում է. «Չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիեւը ատամները սրած ամեն օր լկտիաբար հոխորտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին: Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ, իսկ Ալիեւի ագրեսիվ պահվածքի պայմաններում խոսել փոխզիջման մասին նշանակում է խոսել ՀՀ եւ ԼՂՀ-ի կապիտուլյացիայի մասին»:

Ձայնագրությունն անջատելուց հետո, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Թող շարունակենք լսել»:

Քրիստինե Վարդանյանը նկատեց. «Դուք այս ելույթից էլ ավելի հեռուն եք գնացել եւ ասել, որ ոչ միայն փոխզիջում չկա, այլև մեր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը զիջի ինչ-որ բան»: Նրա խոսքով՝ այս բանակցություններում զիջող միակ կողմը Հայաստանը և Արցախն են, ըստ Փաշինյանի՝ այն մթնոլորտում, որը նա նկարագրել է: Վարդանյանը հարցրեց. «Ընդունո՞ւմ եք, որ սա կապիտուլյացիա է՝ ձեր իսկ ձեւակերպմամբ»:

Նա նաեւ հարց ուղղեց այն կետերի մասին, որոնք չեն համաձայնեցվել, նշելով, որ ՄԱԿ-ի ամբիոնից Ջեյհուն Բայրամովը խոսել է ռեւանշիզմի բացառման եւ այսպես կոչված «փախստականների վերադարձի» մասին: «Արդյոք այդ չհամաձայնեցված կետը վերաբերում է այդ հարցերին՞»:

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ իր Եռաբլուր այցելության օրն արված գրառմանը՝ հիշեցնելով, որ այս հարցին անդրադարձել է 1996 թվականից սկսած գործընթացների մասին՝ Քննիչ հանձնաժողովում: «Այն, ինչ այդ ելույթում ասել եմ, ճիշտ է: Եվ դրա պատճառով է, որ փոխզիջումներ չեն եղել, ինչը հանգեցրել է պատերազմի», - նշեց նա: Փաշինյանի խոսքով՝ Ղարաբաղի հարցը միջազգային խաղացողների կողմից օգտագործվել է որպես պարանի մեխանիզմ՝ Հայաստանի վզին գցված թոկի պես, իսկ բանակցությունների սեղանին դրված առաջարկները 2016 թվականի օգոստոսից սկսած եղել են այն մասին, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա:

Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, թե Հայաստանը և Արցախը կապիտուլյացիայի են ենթարկվել, Փաշինյանը հակադարձեց. «Ի՞նչ կապիտուլյացիայի մասին է խոսքը: Կապիտուլյացիայի ենթարկված երկրում ո՞նց ընտրություն է լինում, դուք էլ մանդատ եք ստացել, այստեղ նստել ու հարց եք տալիս, աշխատավարձ եք ստանում: Դուք և ձեր հովանավորները ամեն ինչ արել եք, որ 2021 թվականի ընտրությունները չկայանան, որպեսզի Հայաստանը փաստացի լուծարվի»: