Հետևեք մեզ։

Ռուսաստանը մտահոգված է  ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության սառեցման կապակցությամբ. Զախարովա

18:31, 02 հոկտեմբեր 2024
Ռուսաստանը մտահոգված է  ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության սառեցման կապակցությամբ. Զախարովա

Ռուսաստանը մտահոգված է  ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության շարունակական սառեցման կամ բոյկոտի կապակցությամբ։ Այս մասին հոկտեմբերի 2-ին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Միաժամանակ, Մոսկվան ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին և ընթացիկ տարում նրա նախագահությանը։ «Պետության գործն է որոշել, թե ինչն է իր համար կարևոր, իսկ ինչի կարիքը չունի։ ՀԱՊԿ-ն, մեր կարծիքով, օգտակար է անվտանգության ոլորտում, ինչպես ԵԱՏՄ-ն՝ տնտեսության ոլորտում»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի Հայաստան-ՀԱՊԿ փոխգործակցությունը շարունակվի։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, հայտարարել էր, որ երկիրը մոտենում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «չվերադարձման կետին»։ Փաշինյանը մեղադրել էր կազմակերպությանը «Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալիքներ» ստեղծելու մեջ։

Փաշինյանի հայտարարությանը արձագանքել է Կրեմլը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն է հայտնել վարչապետի գնահատականների հետ, ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից որևէ սպառնալիք չի բխում, այլ հակառակը՝ կազմակերպությունը նպատակ ունի պաշտպանել իր անդամ երկրների ինքնիշխանությունը։