Ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականը հրապարակել է «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խորագրով հարցազրույց։ Հարցազրույցում Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը մանրամասներ է պատմել հոր վիճակից։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Դավիթ Վարդանյանը տագնապի ազդանշան է հնչեցրել և խնդրել է միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի հայ բանտարկյալներն ազատ արձակվեն։
-Ձեր հոր մասին ունե՞ք նոր տեղեկություններ:
-Հայրս ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին 7 այլ անձանց հետ: Այդ մասին իմացել ենք սոցցանցերից։ Մենք չենք կարող գնալ նրան տեսակցելու, երբեմն խոսում ենք նրա հետ հեռախոսով հաղորդագրություններ ենք ստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Վերջին անգամ խոսել եմ նրա հետ նախորդ շաբաթ:
-Ինչպե՞ս է նրա առողջական վիճակը։
-Ապրիլի սկզբին հայրս հացադուլ էր սկսել։ Այդ մասին մենք իմացանք երկու շաբաթ անց, քանի որ նա գտնվում էր մեկուսարանում։ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբաններին չի թույլատրվում այցելել նրան։ Այդ ժամանակ հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ թույլ չեն տվել ջուր խմել և ստիպել են ժամեր շարունակ մնալ ոտքի վրա, դա խոշտանգման դրսևորում է։ Ահա թե ինչու մենք խնդիրը ներկայացրինք ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի ուշադրությանը:
-Ե՞րբ է նախատեսվում նրա դատավարությունը։
-Դատավարությունը պետք է կայանար 2024-ի հունվարին։ Այն նախ հետաձգվեց մինչև մայիս, հետո ևս մեկ անգամ հետաձգվեց։ Նախատեսվում է, որ այն պետք է անցկացվի հոկտեմբերին, բայց որևէ երաշխիք չկա, որ այն կրկին չի հետաձգվի։