Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, մշտապես բոլոր հանդիպումների վերաբերյալ տրվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններ, բովանդակության մասին տեղեկացվում է թե՛ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարի, թե՛ ներգրավված այլ պաշտոնյաների կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը և հավելեց՝ վարչապետը ներկայացրել է դիրքորոշումը, թե ինչու խաղաղության պայմանագրի բովանդակությունը չի տրամադրվում հանրությանը։
Ըստ փոխնախարարի՝ այն կետերը, որոնք համաձայնեցված են, առնվազն բավարար են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։
Հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնում ստորագրել պայմանագիրը ՝ շարունակելով խոսել Սահմանադրության փոփոխման մասին, Կոստանյանը պատասխանեց․ «Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխությունները մեր ներքին գործընթացներն են։ Այն մտահոգություններին, որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է, դրանց արդեն իսկ պատասխան հնչել է, դելիմիտացիայի գործընթացի կանոնակարգի հաստատման փուլում ՍԴ-ն տվել է մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- նշեց Կոստանյանը։