2021թ․ ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 30–ամյա բնակիչը, սգո արարողության մասնակցելու նպատակով, մի քանի ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող սգո սրահի բակում, որտեղ նրան են մոտեցել մի խումբ անձինք և նախկինում ունեցած լարված փոխհարաբերությունների շուրջ խոսակցություն ունեցել նրա հետ։
Խոսակցության արդյունքում առաջացած ծեծկռտուքի ժամանակ վերջինս և նրա հետ գտնված մի խումբ անձինք, անտեսելով սգո արարողության մասնակիցների ներկայությունը, իրենց մոտեցած անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող ատրճանակներով կրակոցներ են արձակել վերջիններիս ուղղությամբ՝ նրանց պատճառելով հրազենային՝ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Կրակոցների արդյունքում ևս երեք անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։
30-ամյա տղամարդուն ներկայացվել է համապատասխան մեղադրանք, նա կալանավորվել է։ Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։