Հետևեք մեզ։

Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին

19:43, 03 հոկտեմբեր 2024
Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ծանրորդներին, որոնք օրերս 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում:
 
 
Աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր Էմմա Պողոսյանը, իսկ Աննա Ամրոյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աշոտ Մովսիսյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Ժաննա Անդրեասյանը ողջունել է մարզիկներին ու մարզիչներին, շնորհավորել գրանցած արդյունքների ու նվաճած մեդալների առթիվ:
 
 
«Ձեր հաղթանակները բոլորիս համար ոգևորության ևս մեկ առիթ էին: Վստահ եմ՝ սա ձեր ճանապարհի սկիզբն է: Ձեր ցույց տված արդյունքները բոլորիս վստահություն են ներշնչում, որ առաջ եք գնալու՝ նոր հաջողություններ գրանցելով հետագա մրցելույթներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
 
 
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Հայաստանի կանանց հավաքականի անդամների ելույթներին և վստահություն հայտնել՝ նրանց օրինակը ոգևորող է լինելու մեր դպրոցահասակների համար. «Շատ ենք խոսում այն մասին, որ պետք է խրախուսենք կանանց ու աղջիկներին ավելի շատ զբաղվել սպորտով, և ամեն անգամ, երբ մեր մարզուհիները նման հաջող ելույթներ են գրանցում, վստահ եմ՝ երեխաների մոտ սպորտով զբաղվելու և առաջ գնալու ցանկություն է առաջանում: Ի դեմս ձեզ՝ իրենք ունենում են այն օրինակը, որին կարելի է հետևել: Ուրախ եմ, որ ունեցել եք ծանրամարտով զբաղվելու հաստատակամություն ու ձեր մարզիչների հետ այսօր արդեն նշանակալի արդյունքներ եք գրանցում»:

Վերլուծական