Հետևեք մեզ։

Մեր երկրում երբեք այս որակի ոստիկանապետ չի եղել. «Հրապարակ»

09:38, 04 հոկտեմբեր 2024
Մեր երկրում երբեք այս որակի ոստիկանապետ չի եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի հանրահավաքից հետո իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին Բագրատ սրբազանի` ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ուղղված խոսքերը, որը եթերում մեջբերեց նաեւ Պետրոս Ղազարյանը` Սրբազանին հարցնելով, թե ինչու է ոստիկանապետին ասել, որ տրորելու է նրան․ «Սրբազան, հո Դուք գողական չե՞ք»։ Չնայած Սրբազանը չմանրամասնեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ միջադեպը, սակայն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի սադրել է` իր անվայել պահվածքով։

 

Երբ Սրբազանն ու նրա կողմնակիցները ոստիկանական պատը ճեղքելով շարժվել են դեպի Հանրայինի շենքը, որ մուտք գործեն, Արամ Հովհաննիսյանը, դիմելով ենթականերին, ասել է․ «Ով ձեզ կասի, որ ձեր հացն արյունով եք ուտում, գլուխը պատին կտա»: Իրենց ղեկավարի խոսքից ոգեւորված՝ ոստիկաններն էլ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Սրբազանի հասցեին:

 

Ոստիկանապետի լկտիությունը սրանով չի ավարտվել, երբ Սրբազանն ու նրան ուղեկցողներն իրենից առաջ են անցել, կողքինների համար լսելի ձայնով նետել է․ «Գնա, այ համբալ»։ Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը: Արձանագրենք, որ մեր երկրում երբեք այս որակի ոստիկանապետ չի եղել»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: