Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս տարվա սեպտեմբերի 3-ին 743 մլն դրամի պայմանագիր է կնքել «Բիդեք» ՍՊԸ-ի հետ, գրում է «Հետքը»։
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը և հուշահամալիրը միշտ ունեցել են խնդիրներ՝ կապված ջրահեռացման համակարգերի հետ։ Ժամանակ առ ժամանակ փորձեր են արվել լուծել այդ խնդիրները, բայց ապարդյուն, և հիմա վերջապես ստեղծվել է իրավիճակը շտկելու հնարավորություն, քանի որ թանգարան-ինստիտուտում և հուշահամալիրում կիրականացվեն հիմնարար վերանորոգման աշխատանքներ»,- «Արմենպրեսի» հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման նախագիծը կազմվել էր դեռևս 2021 թվականին,Կառավարությունը հատկացրել էր անհրաժեշտ գումարը, սակայն մրցույթն անցկացվել է այս տարի:
«Բիդեք» ՍՊԸ-ի 75%-ը պատկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին։ Նա Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։ Ընկերության 25%-ը պատկանում է Գառնիկ Ավետիսյանին, որը Մհեր Սեդրակյանի ընկերն է։ Ընկերության հիմնադրումից՝ 2009 թվականից մինչև 2019 թվականը Գառնիկ Ավետիսյանին էր պատկանում «Բիդեք» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100%-ը։
ԿԳՄՍՆ-ի հետ «Բիդեք» ՍՊԸ-ն մեկ պայմանագիր էլ 2023 թվականին էր կնքել՝ Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգման համար։ Պայմանագրի գինը 431 մլն 980 հազար դրամ էր։
Իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Բիդեք» ՍՊԸ-ի հետ այս տարվա մայիսի 23-ին 438 մլն 822 հազար դրամի պայմանագիր էր կնքել։ Դրանով նախատեսվում է հիմնանորոգել Նոր Գեղի-Եղվարդ տրանսպորտային հանգույց-Մ-1 ավտոճանապարհի Հրազդան գետի վրա գտնվող կամուրջը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։