Անհամբեր սպասում եմ սույն «քրգործի» դատաքննության ժամանակ հարցաքննությանս՝ հիշեցնելով, որ նախաքննության ժամանակ ես եմ բազմաթիվ անգամ և հրապարակավ պնդել, որ ինձ հարցաքննեն, ինչը հակակոռուպցիոն կոմիտեն հրաժարվում էր անել՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով նախաքննության լրիվությունը և անաչառությունը։ Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանն առ այն, թե «2020 թվականին՝ «Քովիդի» շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը և Հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է»:
«Հենց իմացա դատարանում հարցաքննությանս օրը, հրապարակային կհայտնեմ դրա մասին, որպեսզի բոլոր նորմալ ԶԼՄ-ները գան և լուսաբանեն այն և իրականությունը պարզ դառնա բոլորին»,- գրել է Թորոսյանը։