ՄԻՊ աշխատակազմից արձագանքել են Երևանի քաղաքապետարանի՝ ՄԻՊ իրավասության շրջանակների մասին հնչեցրած գնահատականներին․
«Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որին սոցիալական ցանցերում արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ գնահատականներ հնչեցնելով ՄԻՊ իրավասության շրջանակների մասին։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման/դրա բացակայության հանգամանք, եթե խոսքը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից իրավունքների հնարավոր խախտումներին է վերաբերում։ Ընդ որում՝ ՄԻՊ մանդատն ու գործունեության սկզբունքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջինիս անկախությունն ու մանդատը հարգելու չափանիշները սահմանված են միջազգային մի շարք փաստաթղթերում։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը վերը նշված չափանիշներին հակասող եղանակով գնահատելու, նրա գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի։ Հակառակ դեպքում միջազգային չափանիշների խախտումները պետք է դարձվեն քննարկման առարկա»: