«Digitec Expo 2024» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է «Ֆինանսական գրագիտությունը որպես կապիտալի շուկայի և ներդրումների շարժիչ ուժ» խորագրով պանելային քննարկում՝ Կենտրոնական բանկի, ֆոնդային բորսայի և կենսաթոշակային կուտակային ֆոնդերի կառավարչական ներկայացուցիչների մասնակցությամբ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը ներկայացրել է կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված նախարարության նախաձեռնությունները։ Նա ընդգծել է «Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը», որը նախատեսված է թողարկողների աջակցման համար։ Այդ ծրագրի շրջանակներում, ընկերությունները, որոնք թողարկել են պարտատոմսեր կամ բաժնետոմսեր, կամ ստացել են միջազգային վարկանիշավորում, ստանում են օժանդակություն Կառավարությունից։
Նախարարի տեղակալը նշել է, որ կապիտալի շուկայի զարգացման համար կարևոր է բարձրացնել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ բիզնեսի ֆինանսական գրագիտությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 4-6-ը «Digitec Expo 2024»-ին մասնակցում է տաղավարով, որտեղ ներկայացվում են պետական աջակցության ծրագրերը, դրանց դիմելու եղանակները և հետաքրքիր տեղեկատվություն ծրագրերի վերաբերյալ։