Հետևեք մեզ։

Լույս է տեսել «Ստրունգայի հայկական որբանոցը» աշխատությունը

19:10, 05 հոկտեմբեր 2024
Լույս է տեսել «Ստրունգայի հայկական որբանոցը» աշխատությունը

Քաղաքագիտության դոկտոր Արսեն Արզումանյանի «Ստրունգայի հայկական որբանոցը. բեկված ճակատագրերի վկայություններ» գիրքը հանրության լայն շրջանակին կծանոթացնի Ռումինիայի հայկական համայնքի ջանքերով ստեղծված կառույցի մարդասիրական գործունեությանը, որբերի կյանքի ուշագրավ էջերին։ 

 

Գրքի ռումիներեն և հայերեն տարբերակները լույս են տեսել Բուխարեստում որբանոցի 100-ամյակի կապակցությամբ։ Աշխատությունը բացառիկ է ուսումնասիրված աղբյուրների քանակի առումով։ Առաջին անգամ վերծանվել են որբանոցի արխիվները, Բուխարեստում լույս տեսած պարբերականների հարյուրավոր հոդվածներ, որոնք անդրադարձել են որբանոցի հիմնադրմանը, կայացմանն ու լուծարմանը։

 

Արմենպրես-ի տեղեկացմամբ՝ գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Արսեն Արզումանյանը խոստովանեց՝ ի սկզբանե մտադիր չի եղել մի ամբողջ գիրք նվիրել որբանոցի գործունեությանը, սակայն ծանոթանալով հարուստ նյութերին՝ փոխել է միտքը։

 

«Ստրունգա գյուղը Յաշի մարզում է։ Ցանկանում էի այդ մարզի հայերի փառահեղ պատմության վերաբերյալ գիրք հրատարակել, որոշել էի անդրադառնալ նաև Ստրունգայի հայկական որբանոցին։ Գրքի այդ գլուխն ընդամենը մի քանի էջ պետք է ընդգրկեր։ Երբ խորասուզվեցի որբանոցի պատմության մեջ, այնքան հետաքրքիր նյութեր գտա, որոնց իննսուն տոկոսն ուսումնասիրված չէ, որ հասկացա՝ հնարավոր չէ սահմանափակվել մի քանի էջով. այդ նյութերը պետք է առանձին գրքով տպագրել»,- պատմեց Արսեն Արզումանյանը։

 

Որբանոցի առօրյան լայնորեն լուսաբանվել է Բուխարեստի հայկական պարբերականներում, որոնցում հնարավոր է երեխաների հետ կապված հուզիչ, ուրախ պատմություններ գտնել։ Հեղինակի խոսքով՝ գիրքը սոսկ որբանոցի պատմությունը չէ, այլ հայ ժողովրդի ապրած ցավի շարունակությունն է ներկայացնում։

 

«Երկու հարյուր երեխայի, որ Պոլսի թուրքական որբանոցներում վատագույն պայմաններում էին, ռումինահայ համայնքը տեղափոխում է Ստրունգա և հիմնում որբանոցը։ Ստրունգա գյուղը շրջապատված է շուրջ 7 կամ 8 հարյուր տարվա պատմություն ունեցող հայկական գաղթօջախներով։ Որբանոցը բացել են Ստրունգայում, որպեսզի այն մոտ լինի հայաբնակ քաղաքներին, ինչի արդյունքում հայերը հնարավորություն կունենային հնարավոր ամեն բանով աջակցել որբանոցին»,-նշեց Արսեն Արզումանյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները