Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ անդրադարձ կա Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին։
ՄԱԿ-ում A/77/L.65 բանաձևն ընդունվել է 122 կողմ ձայնով․ կողմ են քվեարկել նաև Հայաստանը, Թուրքիան, Չինաստանը։ 18 երկիր՝ այդ թվում Ադրբեջանը, չի մասնակցել քվեարկությանը։
5 պետություն՝ Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան և Ռուսաստանը, դեմ են արտահայտվել բանաձևին։
Այն հատվածը, որը ՌԴ-ն ցանկացել է հեռացնել տվյալ բանաձևից, արձանագրում է, որ պետք է հաշվի առնել Եվրոպայի առջև այսօր ծառացած աննախադեպ մարտահրավերները՝ Ուկրաինայի, իսկ մինչ այդ Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայից հետո և ԵԽ-ում Ռուսաստանի Դաշնության անդամակցության դադարեցումից հետո պահանջել.
ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ամրապնդում, մասնավորապես՝ խաղաղության և անվտանգության վերականգնման և պահպանման նպատակով՝ հիմնված ինքնիշխանության, ցանկացած երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։
Բանաձևը սահմանում է նաև մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական նորմերի պահպանում՝ ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերը խախտելու համար մեղավորների ներգրավում՝ վնասի փոխհատուցման հարցերում։