Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը պնդում է՝ «եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորվել է սահմանամերձ 8 գյուղ վերադարձնել»

17:34, 01 մայիս 2023
Ադրբեջանական կողմը պնդում է՝ «եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորվել է սահմանամերձ 8 գյուղ վերադարձնել»

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությանն առ այն, որ դեռևս 1990-ական թթ. Ադրբեջանն օկուպացրել է Արծվաշենը, Տավուշի մարզի Վազաշեն և Այգեհովիտ գյուղերի վարելահողեր, Բերքաբեր և Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո նոր թափ ստացած ագրեսիայի արդյունքում՝ ևս 150 քառակուսի կիլոմետր տարածք:

«Զարմանալի է, որ Հայաստանի կողմից տարածքների օկուպացիայի մասին խոսում են մի երկրի պաշտոնյաներ, որի բարձրագույն ղեկավարությունն անթաքույց կերպով տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ երբեմն նաև հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն չունի, հետևաբար այն չի խախտվում իր զինված ուժերի առաջխաղացմամբ: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը բացահայտորեն խոստովանել է ՀՀ տարածքների օկուպացիան՝ սպառնալով ուժի կիրառման միջոցով նոր տարածքներ գրավել իր առավելապաշտական պահանջները չկատարելու դեպքում»,- ասել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Անդրադառնալով վերոնշյալին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է պնդել՝ «եռակողմ հայտարարությամբ Հայաստանը պարտավորվել է սահմանամերձ 8 գյուղ վերադարձնել, դուրս բերել հայկական զորքը Լեռնային Ղարաբաղից»:

«Հայաստանի իրավապահ մարմինների կողմից քրեական գործերի վարումը  այն անձանց դեմ, ովքեր երկար ժամանակ հանդիսացել են Ղարաբաղի զինվորականներ, վառ ապացույցն է, որ նրանք հենց Հայաստանի ենթակայության տակ են։ Ադրբեջանը ևս մեկ անգամ կոչ է անում Հայաստանին հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը կախված է Հայաստանի կողմից տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքից»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ