Հետևեք մեզ։

Իրանում «Դիմադրության դաշնագրի» նախագիծ են մշակում

17:34, 07 հոկտեմբեր 2024
Իրանում «Դիմադրության դաշնագրի» նախագիծ են մշակում

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը մշակում է «Դիմադրության դաշնագրի» կնքման օրինագիծ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների և «ազատագրական շարժումների» հետ, որը նախատեսում է ռազմական և տնտեսական օգնության տրամադրում ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից դաշնագրի կողմերից մեկի վրա հարձակման դեպքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Tasnim գործակալությունը հաղորդում է, որ համաձայնագիրը ենթադրում է օպերատիվ շտաբի ստեղծում ռազմական գործողությունների համակարգման և զորավարժությունների անցկացման համար։ Պարտականությունների բաշխման և ծրագրի իրականացման պատասխանատվությունն առաջարկվում է վերապահել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։

Օրինագիծը մշակողների խոսքով՝ Իրանի Անվտանգության խորհուրդը կքննարկի «Դիմադրության դաշնագրին» միանալու հայտերը։ Գործակալությունը պարզաբանում է, որ պայմանագիրն ուղղված է ճգնաժամային իրավիճակներում փոխադարձ օգնության տրամադրմանը և միասնական ռազմական ենթակառուցվածքի ստեղծմանն Իսրայելի և արևմտյան երկրների կողմից սպառնալիքներին հակազդելու համար։ Օրինագիծը նախատեսվում է վերջնամշակումից հետո ներկայացնել խորհրդարանի քննարկմանը։

Թեհրանն իր տարածաշրջանային դաշնակիցների թվին է դասում և «Դիմադրության առանցք» է համարում շիաների լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժումը, Եմենի հութիների «Անսար Ալլահ» խռովարար շարժումը և «Իրաքի իսլամական դիմադրությունը»: