Հետևեք մեզ։

Կանխվել է բնակարանային գողությունը. հանցագործներից մեկը Վրաստանի քաղաքացի է

18:08, 07 հոկտեմբեր 2024
Կանխվել է բնակարանային գողությունը. հանցագործներից մեկը Վրաստանի քաղաքացի է
Բնակարանի սեփականատերը դեպքի օրը գտնվել է Ծաղկաձոր քաղաքում և  տանը տեղադրված տեսանկարահանող սարքի ու իր հեռախոսում տեղադրված համապատասխան ծրագրի օգնությամբ արձանագրել է, որ ժամը մոտ 09:46-ին իրենց բնակարան ապօրինի մուտք են գործել երկու անձինք և գողություն են կատարում: Բնակարանի սեփականատերը զանգահարել է իր հորեղբոր որդուն և տեղեկացրել գողության մասին, իսկ կինն անմիջապես զանգահարել է ոստիկանություն, ինչպես նաև՝ ահազանգել իրենց հարևաններին:
Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
 
Մինչ տուժողը կհասներ տուն, ահազանգից անմիջապես հետո նշված բնակարան շտապած հորեղբոր որդու, հարևանի, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ջանքերով հաջողվել է վնասազերծել առերևույթ հանցագործություն կատարող անձանցից մեկին։
 
 
Տեղեկանալով հարևանի տանից այդ պահին գողություն կատարվելու մասին՝ հարևանուհին նախ՝ ձայն է տվել մյուս հարևաններին, ապա՝ մտել տվյալ բնակարան, որտեղ գտնվող տղամարդկանցից մեկը հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ապա հանցակցի հետ դիմել են փախուստի: Այդ ընթացքում ժամանած տանտիրոջ հորեղբոր որդին, տեղեկանալով, թե որ ուղղությամբ են հեռացել տվյալ անձինք, հետապնդել է նրանց, հասնելով՝ խափանել նրանցից մեկի փախուստը, որին ձերբակալել են վրա հասած ոստիկանության աշխատակիցները:
 
 
Պարզվել է ձերբակալվածի ինքնությունը, ով Վրաստանի 47-ամյա քաղաքացի է: Վերջինիս ներկայացվել է մեղադրանք, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նրա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում։

Վերլուծական