Հետևեք մեզ։

Պարզվել են Սուրենավանում տեղի ունեցած դեպքի հանգամանքները. մեկ անձ կալանավորվել է

19:06, 07 հոկտեմբեր 2024
Պարզվել են Սուրենավանում տեղի ունեցած դեպքի հանգամանքները. մեկ անձ կալանավորվել է
2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:02-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սուրենավան բնակավայրի 24-ամյա բնակիչ Ա.Զ.-ն, որի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: 
 
 
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող գազալցակայանի տարածքում տուժողի, վերջինիս քրոջ որդու, վերջիններիս համագյուղացու և քննությամբ դեռևս չպարզված անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով հիշյալ անձը հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
 
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
 
 
Քննությամբ պարզվել է, որ կողմերը, խուլիգանական դրդումներով, իրենց առավելությունը ներկաների նկատմամբ ընդգծելու նպատակով, տևական ժամանակ վիճաբանել են միմյանց հետ, հայհոյել և այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ խանգարել են գազալցակայանի տարածքում և հարևանությամբ գտնվող մարդկանց անդորրը՝ միաժամանակ խոչընդոտելով գազալցակայանի բնականոն աշխատանքը:
 
 
 
Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
 
 
Ա.Զ.-ի բարեկամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
 
 
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենների ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
 

Վերլուծական