Հետևեք մեզ։

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Միրզոյանը  ներկայացրել  է «խաղաղության պայմանագրի» զարգացումները

19:53, 07 հոկտեմբեր 2024
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Միրզոյանը  ներկայացրել  է «խաղաղության պայմանագրի» զարգացումները

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

 

Նեղ և ընդլայնված կազմերով անցկացված նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։ Նիստի արդյունքներով ՀՀ մասնակցությամբ ընդունվող փաստաթղթերից նախարար Միրզոյանն անդրադարձել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ տալու որոշմանը՝ ընդգծելով նաև քաղաքի հնագույն մշակութային ժառանգությունը:

 

Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 2025թ․ անցկացվելիք միջոցառումներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ֆաշիզմի, ռասսայական խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարում հայ ժողովրդի ունեցած ներդրումը։

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին շրջանի հիմնական զարգացումներին: