Հայաստանը հույս ունի ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի դրույթները մոտակա 4 շաբաթների ընթացքում։ Այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Reuters-ին՝ նշելով, որ դա քայլ է, որը կարող է թուլացնել լարվածությունը հակամարտությամբ լի Հարավային Կովկասում։
Խաչատուրյանը մասնավորապես նշել է, որ Երևանը հուսով է՝ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագրի հոդվածներից 16-ը մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը:
«Եթե միայն մենք լինեինք, մենք այն կստորագրեինք հենց հիմա, այսօր»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է նա՝ ելույթ ունենալով Համբուրգի կայունության համաժողովի շրջանակներում։
Խաչատուրյանը նշել է, որ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ բանակցությունները լավ են ընթանում, և քննարկվում է երկու երկրների միջև սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելու առաջարկ։
«Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել»,- ասել է նա։