Հետևեք մեզ։

Արցախի մի շարք ՀԿ-ներ այսօր կդիմեն դատարան

15:11, 08 հոկտեմբեր 2024
Արցախի մի շարք ՀԿ-ներ այսօր կդիմեն դատարան

2024 թ. հունվարի 29-ին մի շարք հասարակական կազմակերպություններ՝ «Հանուն Հադրութի» ՀԿ, «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քարվաճառ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ, «Արցախի Թեքեյան մշակութային միություն», «Արցախի Թեքեյան մշակութային միություն», «Վերադարձ դեպի Դիզակ» և այլ ՀԿ-ներ  միասնական նամակով դիմել էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ Արցախից դեպի ՀՀ տարածք բռնի տեղահանված քաղաքացիների հաշվառման գործընթացում թույլ տրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ:

 

Նամակի մեջ նշված էր, որ եթե լիազոր մարմինը անվավեր չճանաչի իր կնիքով հաստատած հաշվառումից հանելու փաստաթղթերը, ՀԿ-ները ստիպված են լինելու կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան:

 

Hayastan.news-ի հետ զրույցում «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ-ի նախագահ Դավիթ Եղիազարյանն ասաց, որ ինն ամիս է անցել, բայց նամակին դեռ չեն պատասխանել:

 

«Այս պահին փաստահավաք աշխատանք է իրականացվում և պատրաստվում ենք այսօր դիմել դատարան:  Միգրացիոն ծառայություն նույնպես դիմել ենք, հանդիպել, խուսափում են պատասխանել մեր հարցերին, ուղիղ պատասխան չեն տալիս, շրջանցում են»,- ասաց Դավիթ Եղիազարյանը, հավելելով։

 

Hayastan.news-ը ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից հարցրեց, թե ինչու՞ նախարարը չի պատասխանել արցախցիների նամակից ինն ամիս անց, հորդորեց գրավոր հարցում ուղարկել, ինչն արվել է։

 

Լանա Համբարձումյան