Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Արմենպրես-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80 տոկոսով։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձևաչափով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ աշխատանքը։
Սկզբունքորեն մենք կարող ենք գործել հետևյալ տրամաբանությամբ, ինչն էլ առաջարկում ենք Ադրբեջանին՝ ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է, այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն, և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։ Ցանկացած դեպքում անհնար է մշակել այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կպատասխանի բոլոր հարցերին և կկարգավորի երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն կմնան կարևոր, հիմնարար հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն, լուծվեն և պետք է նոր պայմանագրեր ստորագրվեն»,- ընդգծել է Փաշինյանը։
Ավելին, ըստ վարչապետի, ստորագրված և վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում այլ հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ։
«Իսկ այս փուլում մենք պետք է որոշում կայացնենք մի շարք հիմնարար հարցերի շուրջ, որոնք կարող են մեր երկրների միջև խաղաղության հաստատման համար ամուր հիմք դառնալ։ Խոսքը միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին է։ Խոսքը միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության մասին է։ Խոսքը ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և խաղաղության պայմանագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման մասին է։
Այս բոլոր հարցերի ձևակերպումն արդեն իսկ համաձայնեցված է կողմերի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծում, և մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթն արդեն այս ամիս, և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»,- եզրափակել է Փաշինյանը։