Հետևեք մեզ։

ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չկան. Փաշինյանը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին

19:20, 08 հոկտեմբեր 2024
ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ չկան. Փաշինյանը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին

Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարներին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության գործընթացում առկա իրավիճակի և հետագա զարգացման շուրջ Երևանի տեսլականի մասին։

 

Փաշինյանը իր ելույթում նախ վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը և տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի զարգացման ուղի դուրս բերելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։

 

«Այս տարի մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում, և մասնավորապես, Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի երեք հատվածներում իրականացվել է սահմանազատում, և այդ հատվածներում խորհրդային ժամանակաշրջանի միջհանրապետական վարչական սահմանն արդեն վերարտադրվել է որպես սահմանազատված միջպետական սահման։ Սա, անկասկած, հաջողության օրինակ է։

 

Մեկ այլ կարևոր իրադարձություն տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 30-ին, երբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը»,- ասել է Փաշինյանը։

 

Նա հայտնել է, որ Հայաստանում ավարտվում է այս փաստաթղթի ընդունման ներքին պետական ընթացակարգերի գործընթացը, և այս ամսվա ընթացքում Հայաստանի խորհրդարանը կքննարկի այս փաստաթղթի վավերացման հարցը։ 

 

«Կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն արդեն հաստատել է ստորագրված կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը ենթադրում է Խորհրդային Ադրբեջանի ողջ տարածքը, սահմանադրական է, ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան»,- եզրափակել է Փաշինյանը։