Հետևեք մեզ։

ԵՄ-ն հրապարակել է հակառուսական պատժամիջոցների նոր ռեժիմի վերաբերյալ որոշումը

12:10, 09 հոկտեմբեր 2024
ԵՄ-ն հրապարակել է հակառուսական պատժամիջոցների նոր ռեժիմի վերաբերյալ որոշումը

Եվրամիությունը իր պաշտոնական ամսագրում հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմ մտցնելու որոշումը՝ «արտերկրում ապակայունացնող գործողությունների» համար։


ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը՝ «արտերկրում ապակայունացնող գործողությունների համար»: Հաղորդվում է, որ «պատժամիջոցների նոր շրջանակը ԵՄ-ին թույլ կտա թիրախավորել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք ներգրավված են Ռուսաստանի կառավարության գործողություններում և քաղաքականության մեջ, որոնք խաթարում են ԵՄ-ի և նրա անդամ երկրների հիմնարար արժեքները, նրանց անվտանգությունը, անկախությունն ու ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների արժեքները»:

 

ԵՄ պաշտոնական ամսագրում տեղադրված փաստաթղթում խոսքը միայն պատժամիջոցների շրջանակի մասին է, որոնք որոշում են «սև ցուցակներում» անհատներին և կազմակերպություններին ավելացնելու չափանիշները։

 

ԵՄ Խորհուրդն ավելի վաղ հայտնել էր, որ «հիբրիդային սպառնալիքները», որոնց համար նախատեսվում է սահմանափակումներ մտցնել այս ռեժիմի ներքո, կներառեն «ընտրական գործընթացների և ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը խաթարելը, տնտեսական գործունեության, հանրային նշանակության ծառայությունների կամ կարևոր ենթակառուցվածքների սպառնալիքներն ու սաբոտաժը, համակարգված ապատեղեկատվության օգտագործումը, տեղեկատվության մանիպուլյացիա, վնասակար կիբեր գործողություններ, միգրանտների գործիքավորում և այլ ապակայունացնող գործողություններ»: