Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կվճարի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ընդգծելով, որ նմանատիպ կարգավորումներ սահմանվել են նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։
Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։
Հանձնաժողովից հիշեցնում են, որ գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն՝
- բաշխողը վճարում է տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։
- Վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը: Այս կարգավորումը ևս գործելու է 2025 թվականի հունվարի 1-ից։