Հետևեք մեզ։

Հիմնադիր-տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և պետական բյուջե վճարվել 276,726,714 ՀՀ դրամ

17:57, 09 հոկտեմբեր 2024
Հիմնադիր-տնօրենի  նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և պետական բյուջե վճարվել 276,726,714 ՀՀ դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
 
 
Նախաքննության ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ շինանյութի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը 2020 թվականի հունվարի 4-ից հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը՝ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում՝ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
 
 
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:
 
 
Նախաքննության ընթացքում ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 276,726,714 ՀՀ դրամ։
 
 

Վերլուծական