Հետևեք մեզ։

Պուտինը մեկնարկել է Lada Aura-ի սերիական արտադրությունը

00:32, 10 հոկտեմբեր 2024
Պուտինը մեկնարկել է Lada Aura-ի սերիական արտադրությունը
 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով մեկնարկել է Lada Aura-ի՝ նոր հայրենական բիզնես դասի սեդանի սերիական հավաքման գործընթացը:

Ավտոմեքենայի արտադրությամբ զբաղվում է Սամարայի մարզում գտնվող «Ավտովազ» գործարանը: Ակնկալվում է, որ 2024 թվականի ընթացքում ձեռնարկությունը կարտադրի 2,9 հազար մեքենա, իսկ 2025 թվականից ծավալը կաճի մինչեւ տարեկան 8 հազարի եւ կշարունակի աճել՝ պահանջարկի առկայության դեպքում: Արտադրողի կողմից առաջարկվող գինը կազմում է 2,5-ից 2,8 մլն ռուբլի՝ կախված համալրման տեսակից:

«Ավտովազի» ղեկավար Մաքսիմ Սոկոլովը դիմելով նախագահին՝ ասել է. «Այսօր մենք սկսում ենք նոր մոդելի՝ Lada Aura բիզնես դասի սեդանի արդյունաբերական արտադրությունը: Դուք արդեն հուլիսին հնարավորություն ունեցաք անձամբ՝ ղեկի մոտ, փորձարկել այս մեքենան: Շնորհակալություն ձեր դրական գնահատականի համար: Եվ ահա երկուս-կես ամիս անց Lada Aura-ն արդեն հավաքման գծում է: Շատ բնութագրերով այս մեքենան գերազանցում է արտասահմանյան նմանակները»:

Նոր մոդելի արտադրության մեկնարկի արարողության ընթացքում Սոկոլովը նաեւ հրավիրել է Պուտինին այցելել Տոլյատիի «Ավտովազ» գործարան՝ տեսնելու ավտոկոնցեռնի ներկան, որը կներկայացնի իր հեռանկարային մշակումները:

Մոդելը հիմնված է Lada Vesta-ի կառուցվածքի վրա, սակայն բարելավված բնութագրերով. հետեւի շարքի ուղեւորները ստացել են լրացուցիչ 25 սմ ազատ տարածություն, իսկ սրահն ինքնին պատրաստված է ռուսական արտադրության բնական կաշվից: Lada Aura-ն հագեցած է 1,8 լիտրանոց շարժիչով՝ 122 ձիաուժ հզորությամբ եւ ավտոմատ փոխանցման տուփով:

Կանխատեսումների համաձայն, Lada Aura-ի հիմնական սպառողները կլինեն տաքսի ծառայությունները, կորպորատիվ ավտոպարկ ունեցող խոշոր ընկերությունները, ինչպես նաեւ պետական եւ մունիցիպալ կառույցները: Առաջին նախասերիական ավտոմեքենաներն արդեն շահագործվում են Ֆինանսների նախարարությունում, Ռոստեխում եւ Սամարայի մարզի կառավարությունում: