Սոցիալական ցանցերում եւ մեսենջերներում պնդումներ են հնչում, թե աշխարհին սպառնում է մահացու վիրուսի համաճարակ, որը նման է Էբոլային: Դրա բուժման եւ պատվաստանյութեր չկան: Իսկ վարակվել հնարավոր է այն երկրներից բերված մրգերի միջոցով, որտեղ գրանցվել են նոր վիրուսի բռնկումներ:
Սակայն իրականությունն այլ է: Մարբուրգ վիրուսի (Marburg Marburgvirus, MARV) մասին խոսակցություններն սկսվեցին աշնան կեսերին՝ Ռուանդայում այս հիվանդության բռնկման պատճառով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, Մարբուրգ վիրուսը առաջացնում է հեմոռագիկ տենդ եւ ունի մահացության բարձր գործակից (միջինում մոտ 50%): Այն շատ վարակիչ է եւ պատկանում է ֆիլովիրուսների նույն ընտանիքին, ինչ Էբոլան:
Մարբուրգը փոխանցվում է վարակվածների հետ ուղղակի շփման եւ կենսաբանական հեղուկների (արյուն, թուք, մեզ) միջոցով, ինչպես նաեւ այն առարկաների մակերեսների (անկողնային սպիտակեղեն, հագուստ) միջոցով, որոնց հետ շփվել են հիվանդները:
Վիրուսի հիմնական տարածողները պտղակեր չղջիկներն են, որոնք բնակվում են Աֆրիկյան մայրցամաքում եւ Մերձավոր Արեւելքի որոշ երկրներում: Բացի այդ, հիվանդության առանձին բռնկումներ կապված են եղել լաբորատորիաներում աֆրիկյան կանաչ կապիկների օգտագործման հետ:
ԱՀԿ փորձագետները նաեւ զգուշացնում են ընտանի կենդանիների (խոզերի) զգայունության մասին ֆիլովիրուսային վարակների նկատմամբ, որոնց թվին են պատկանում եւ Էբոլան, եւ Մարբուրգը: Նախազգուշական նկատառումներից ելնելով՝ նրանք առաջարկում են դիտարկել ընտանի կենդանիներին որպես վիրուսի հնարավոր միջանկյալ տերեր, քանի դեռ հակառակը չի ապացուցվել: Սակայն ընտանի կենդանիների, ինչպես նաեւ մրգերի կամ սննդի միջոցով հիվանդության փոխանցման հաստատված դեպքեր չեն գրանցվել: