Պաղեստինի երկու հիմնական խմբավորումները՝ ՀԱՄԱՍ-ը եւ ՖԱԹՀ-ը, որոնք բանակցություններ են վարում Կահիրեում, չեն կարողացել համաձայնության գալ Գազայի հատվածի կառավարման հարցում՝ այնտեղ մարտական գործողությունների ավարտից հետո: Այս մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը:
Ինչպես նշում է Al Hadath-ը, երկու առաջատար պաղեստինյան խմբավորումները քննարկում են «անցակետերի վերահսկողությամբ, առողջապահության, բնակարանային ապահովման, սոցիալական զարգացման եւ կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքի մեխանիզմը»:
Բանակցությունները կշարունակվեն հոկտեմբերի 10-ին, հաղորդել է «Ալ-Կահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը: Ըստ նրա տվյալների, առաջին հանդիպման ընթացքում «քննարկումները կենտրոնացած էին ընթացիկ քաղաքական իրադարձությունների եւ պաղեստինյան տարածաշրջաններում իրավիճակի վրա»:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ «պաղեստինյան շարքերի միավորման» հարցը եւ մի քանի պայմանավորվածություններ, «որոնք կապված են տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների հետ»:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես հաստատել էր Կահիրեում ՖԱԹՀ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման փաստը: Ինչպես նշվում էր շարժման հայտարարության մեջ, ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը գլխավորել է շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ-Հայան: Ըստ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մամուլի քարտուղար Թահեր Նունուի խոսքերի, բանակցությունների ընթացքում կողմերը մտադիր են քննարկել Գազայի հատվածում վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ «ջանքերի միավորումը եւ պաղեստինյան շարքերի միասնության հասնելը»: ՖԱԹՀ-ի պատվիրակությունը հանդիպմանը, ինչպես պնդում է ՀԱՄԱՍ-ը, գլխավորել է շարժման կենտկոմի փոխնախագահ Մահմուդ ալ-Ալյուլը:
Միջֆրակցիոն պաղեստինյան հանդիպումն անցկացվում է եգիպտական կողմի հովանու ներքո: