Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմերին 1 միլիարդ 391 միլիոն դրամ կհատկացնի 18 համայնքներում 21 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 278 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 102 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 249 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 3 ծրագրի համար՝ 180 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 2 ծրագրի համար՝ 348 միլիոն դրամ, Շիրակի մարզին 1 ծրագրի համար՝ 47 միլիոն դրամ, Սյունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 79 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 39 միլիոն դրամ և Տավուշի մարզին 1 ծրագրի համար՝ 71 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ այս տարի կառավարությունը մարզպետարաններին 17 միլիարդ 52 միլիոն դրամի չափով ֆինանսավորում է հատկացրել։