ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
Նշվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակ է հետապնդում ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխանող՝ Կողմերի պետությունների քրեակատարողական ծառայությունների համար բարձր մակարդակի կադրերի պատրաստում, ինչպես նաև տվյալ բնագավառում Կողմերի միջև փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծում:
Համաձայնագրով նախատեսվում է, որ տվյալ բնագավառում Կողմերի պետությունների միջև համագործակցությունը կիրականացվի իրավասու մարմինների միջոցով՝ Կողմերի պետությունների ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն:
Համաձայնագրով ենթադրվում է, որ քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստումը կիրականացվի ըստ ընդունող Կողմի կրթական հաստատությունների ծրագրերի՝ վերջինիս օրենսդրությամբ սահմանված չափանիշների և սահմանափակումների պահպանմամբ, իսկ ուսուցման թեկնածուների ընտրությունը կիրականացնի ուղարկող Կողմը: