Միացյալ Նահանգները մարտական ինքնաթիռների երրորդ էսկադրիլիան է տեղափոխել Մերձավոր Արևելքի տարածաշրջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին տարածաշրջան են ժամանել F-15E Strike Eagle կործանիչները։ Դրանց բազավորման շրջանը պաշտոնապես չի բացահայտվում:
Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանք տեղակայվել են Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայում։
Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի են ժամանել F-16 Fighting Falcon կործանիչների և A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռների լրացուցիչ էսկադրիլիաներ՝ մի քանի հազար զինծառայողների հետ միասին։
Օգոստոսին ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի F-22 կործանիչներ էր տեղակայել Մերձավոր Արևելքում: Բացի այդ, Օմանի ծոցում է գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Abraham Lincoln ատոմային ավիակիրը, որի վրա բազավորվում են կործանիչների չորս էսկադրիլիաներ, այդ թվում` F/A-18E/F Super Hornet-ը և հինգերորդ սերնդի F-35C Lightning II կործանիչներ:
Պենտագոնի պաշտոնական տվյալների համաձայն՝ ներկայում Մերձավոր Արևելքում են գտնվում շուրջ 40 000 ամերիկացի զինծառայող և տասնյակ մարտական ինքնաթիռներ։ Բացի այդ, Կարմիր ծովի շրջանում հերթապահում են USS Georgia միջուկային սուզանավը, որը կարող է կրել մինչև 154 Tomahawk թևավոր հրթիռ, և երկու հրթիռային էսկադրային ականակիր։